ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Հաղթում է այն ժողովուրդը, որն ամուր է կառչած իր հողին

Հաղթում է այն ժողովուրդը, որն ամուր է կառչած իր հողին
01.11.2024 | 06:22

1828-29թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եվրոպական տերությունները փորձում էին Ռուսաստանի դեմ հանել ոչ միայն Օսմանյան Թուրքիային, այլև Պարսկաստանին, որը ավելի վաղ ռուսների հետ կնքել էր Գյուլիստանի հաշտության պայմանագիրը։ Արևմուտքի նպատակն էր մեր տարածաշրջանում ամբողջովին մեկուսացնել ռուսական ուժեղացող կայսրությանը և մասնատել։ Այդ պատերազմում ռուսական զորքը, հայերի օգնությամբ, ազատագրեց Հայաստանի մեծ մասը թուրքական լծից, բայց Թուրքմենչայի հաշտության պայմանագրից հետո հեռացավ՝ թողնելով անզեն հայերին թուրքական զորքի դեմ միայնակ։ Այդ ժամանակ Ալաշկերտից ու Մուշից հեռացան նաև իմ նախահայրերը՝ փրկվելով թուրքական ու քրդական ասպատակություններից և հաստատվեցին Արևելյան Հայաստանի Սևանի ավազանում։

1877-78 թվականների ռուս-թուրքական հերթական պատերազմի ժամանակ նույնպես եվրոպական տերությունները փորձում էին Ռուսաստանի դեմ հանել ոչ միայն Օսմանյան Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին և մեր տարածաշրջանում ամբողջովին մեկուսացնել ռուսական ուժեղացող կայսրությանը, ապա մասնատել։

Այդ պատերազմում ռուսական զորքը, կրկին հայերի օգնությամբ, ազատագրեց Հայաստանի մի մասը թուրքական լծից, բայց Բեռլինի պայմանագրի կնքումից հետո նորից առևտրի մեջ մտավ Եվրոպայի հետ, հայկական տարածքները հանձնեց թուրքերին ու հեռացավ՝ թողնելով անզեն հայերին թուրքական զորքի դեմ միայնակ։ Այդ ժամանակ Արևմտյան Հայաստանի 2000-ից ավելի հայ ընտանիքներ, թուրքական յաթաղանից խուսափելու համար, ստիպված եղան լքել իրենց բնօրրանը և, ռուսական զորքի ուղեկցությամբ անցնելով Արաքս գետը, բնակություն հաստատեցին Երևանի մոտակայքում։

1915-ի ամռանը, երբ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, ռուսական զորքը մտել էր Արևմտյան Հայաստան ու թուրքերից մաքրել ամբողջ Ալաշկերտի հովիտը, իհարկե՝ հայերի օգնությամբ։ Նույն եվրոպական տերությունները կրկին փորձում էին Ռուսաստանի դեմ հանել ոչ միայն Օսմանյան Թուրքիային, այլև Պարսկաստանին ու Աֆղանստանին և թուրքերի ձեռքով մեր տարածաշրջանում ամբողջովին մեկուսացնել ռուսական ուժեղացող կայսրությանը, ապա մասնատել։

Հայ կամավորականների Արարատյան ջոկատի ակտիվ մասնակցությամբ ռուսական զորքը թուրքերից ազատագրեց Վանա լճի ավազանը և Ալաշկերտի տարածաշրջանը։ Միայն Ալաշկերտի ռազմական օպերացիայի ժամանակ թուրքերը 7000-ից ավելի զոհ տվեցին։ Արևմտյան Հայաստանի մեծ մասն ազատագրված էր հայերի ակտիվ մասնակցությամբ և ռուսական զորքի օգնությամբ, բայց Գերմանիայից Ռուսաստան տեղափոխված ու 1917թ․ բոլշևիկյան հեղափոխություն իրականացրած ազգությամբ չերքեզ Լենինը եղբայրություն հաստատեց թուրքերի հետ ու զորքը հետ քաշեց մեր տարածաշրջանից՝ թողնելով անզեն հայերին թուրքական զորքի դեմ միայնակ։ Թուրքերն ավարտին հասցրին Հայոց ցեղասպանությունը՝ Արևմտյան Հայաստանը դատարկելով հայերից։

1918-ին թուրքական բանակը, Ռուսաստանի նահանջից ու լռությունից ոգևորված, հարձակման անցավ ամբողջ Արևելյան Հայաստանը ևս ոտնատակ տալու, հայաթափելու և թուրքացնելու համար, սակայն ամենաօրհասական պահին, երբ հայերը հասկացան, որ մենք ու մեր հայրենիքը լոկ մանրադրամ ենք Եվրոպայի ու Ռուսաստանի համար, հայ ազգը ոտքի ելավ՝ ատամներով պահելու հայրենիքի մնացորդները։ Ու հաղթեց թուրքական անհաղթելի բանակին՝ առանց ռուսների ու առանց եվրոպացիների։

Բայց, երբ ունեցանք պետականություն, սկսեցինք հոշոտել այն՝ ընդամենը երկու տարի անց ներքին պառակտիչ կռիվների հետևանքով Հայաստանի մի մասը՝ Կարսը, Արդահանը, Արարատ սարը հանձնելով Թուրքիային, Նախիջևանը, Արցախը հանձնելով թուրքական Ադրբեջանին, մնացյալ մասը՝ խորհրդային Ռուսաստանին։

1988-94 թվականների ընթացքում մենք հաղթեցինք թուրքական Ադրբեջանին լոկ այն պատճառով, որ հույսը չդրեցինք ոչ Եվրոպայի, ոչ Ռուսաստանի վրա, այլ կռվեցինք հանուն հայրենիքի։ Կռվեցինք ու հաղթեցինք։

Բայց երբ ունեցանք պետականություն, սկսեցինք հոշոտել այն՝ ընդամենը 26 տարի անց ներքին պառակտիչ կռիվների հետևանքով Հայաստանի մի մասը՝ Արցախը, հանձնեցինք թուրքական Ադրբեջանին, իսկ մնացյալ մասի ճակատագիրը առայժմ անհայտ է։

Հիմա էլ Եվրոպան փորձում է մեր տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին հանել Ռուսաստանի դեմ, որ ամբողջովին մեկուսացնի ռուսական ուժեղացող կայսրությանը, ապա մասնատի։ Բայց մենք պիտի հասկանանք, որ մենք մանրադրամ չենք, որ Եվրոպայի ու Ռուսաստանի միջև այս ու այն կողմ թռնենք։ Մենք չենք կարող թշնամի լինել կայսրությունների խաղերի մեջ։ Մեր միակ թշնամին թուրքն է։

Մենք էլի կհաղթենք թուրքերին, երբ էլի գիտակցենք, հասկանանք, որ հույսը չպետք է դնել ոչ Եվրոպայի, ոչ Ռուսաստանի վրա, այլ կռվենք հանուն հայրենիքի։ Կռվենք ու կհաղթենք այս հարատև պայքարում։

Ու պետք է հասկանանք, որ կռիվը միայն զենքով չի։ Այս կռիվը նաև հայրենագիտակցման, ազգային միասնականության, հոգու և կամքի կռիվ է։

Սա իրական հայրենական պատերազմ է, որտեղ հաղթելու է այն ժողովուրդը, որն ավելի ամուր է կառչած իր հողին, ավելի ուժեղ նյարդեր ու կամք ունի, որը բոլորից լավ գիտի հայրենի հողի համը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ